Առաջիկա 5 տարիներին Հայաստանի կառավարության գործունեությունը կուղղվի բարձրտեխնոլոգիական տնտեսության զարգացմանը՝ բարձր էկոլոգիական չափորոշիչների պահպանմամբ արդյունաբերության զարգացման նպատակով։ Այս մասին իր ելույթում, ներկայացնելով կառավարության 5 տարիների ծրագիրը, փետրվարի 12-ին Ազգային ժողովում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այնուհետեւ նա նորից հայտարարել է տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին։ «Նախարարների կաբինետի խնդիրը ՀՆԱ կառուցվածքի փոփոխությունն է այնպես, որպեսզի 5 տարի անց տնտեսության լոկոմոտիվը դառնան տեխնոլոգիաներն ու ինովացիաները։ Այդ ինովացիաները պետք է ընդգրկեն բոլոր ոլորտները»,- նշել է Փաշինյանը։

Նա հավաստիացրել է, որ իր կառավարությունը պայքարելու է տնտեսական մենաշնորհի դեմ՝ փորձելով կառուցել մրցակցային միջավայր։ «Հիմա տնտեսական աճը մեր երկրում կախված է ոչ մեծ թվով խոշոր ընկերություններից։ Հայաստանում կան ընկերություններ, որոնց քմահաճույքները եւ տրամադրությունները կարող են էական ազդեցություն գործել մեր տնտեսության վրա եւ անգամ ցնցումներ առաջացնել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ խոստանալով ստեղծել այնպիսի տնտեսություն, որն ազատ կլինի առանձին վերցրած սուբյեկտների ազդեցությունից։