ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տեսակետը չի փոխվել, նա կարծում է, որ կառավարության ծրագիրը չունի ռիսկայնություն, քանի որ չկան թվեր:

«Տնտեսական աճի համար պետք է գումար դրվի: Ամեն մի տոկոս աճի համար 12 մլրդ դրամ է պետք: 12 տոկոս աճ ունենալու համար դա կազմում է 148 մլրդ: Դա բյուջեից ավել է: Այսօր բյուջեն հիմնված է հարկեր, տուրքերի վրա, որ կարողանան թոշակ, աշխատավարձ տան, բանակին տան, նպաստ տան»,-ասաց նա:

Ամենամտահոգիչն, ըստ Ծառուկյանի՝ այն է, որ ծրագրում որպես ժամկետ գրված է 2019-2023 թթ., բայց հստակ նշված չէ, թե օրինակ 2019-ին, ինչքան գումար է ներդրվելու եւ որ ոլորտներում. «Պետք է նշվի, թե ամեն տարի որքան գումար է ներդրվելու, անգամ եռամսյակներով: Ոչ մի ռիսկայնություն չկա, թվեր չկան, ոչ մի տոկոսների աճ չկա։ Ժողովուրդն անմնացորդ հավատարիմ է ու համոզված ենք, որ պարոն Փաշինյանը ուզում է լավ բան անել: Իրոք, կյանքը կդնի, միայն թե ժողովրդին խոստումը կատարի, բայց այդ մարդուն հարկավոր է աջակցել, ներկայացնել խնդիրը: Թե չէ ասել՝ զարգանալու է հա զարգանալու է: Ասում են ռազմարդյունաբերությունը զարգանալու է, իսկ ինչքա՞ն գումար ենք դնելու ռազմարդյունաբերության մեջ: Ցանկացած տնտեսագետ թող գա իմ հետ խոսի», - ասաց նա։

«Հարվարդ չեմ ավարտել, բայց համապատասխան փորձն ու պրակտիկան ունեմ։ Մի հատ տեղ ցույց տվեք, որ գրածա, որ ոլորտում ինքան գումար պիտի ներդրվի 2019-ին ու դրա դիմաց ինչ պիտի ստանանք»,-նշեց Ծառուկյանը:

Նա նկատեց, որ հենց այնպես ոչ մի ներդրող չի գա, իսկ եթե կառավարությունը պայմաններ ստեղծի, ներդրողներն իրենք են հերթ կանգնելու, իսկ իսկ պարոն Փաշինյանն էլ կորոշի, թե որ ներդրողին հնարավորություն տա ներդրում անելու:

Գագիկ Ծառուկյանն ասաց, որ իրենք բազմաթիվ հարցադրումներ են անելու, որպեսզի իրենց հուզող հարցերի պատասխանը ստանան եւ ըստ այդմ կողմնորոշվեն, թե ինչպես են քվեարկելու: