Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ փետրվարի 12-ին մասնակցել է Արցախի Հանրապետության դատախազության 2018 թվականի գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահ Սահակյանը, ամփոփելով 2018 թվականին Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության կողմից կատարված աշխատանքը, այն, ընդհանուր առմամբ, գնահատել է բավարար:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ գերատեսչության առջեւ դրված են կարեւոր ու պատասխանատու խնդիրներ, եւ համակարգի աշխատանքից է նաեւ կախված մեր երկրի բնականոն կենսագործունեության ապահովումը, պետության, հասարակության ու քաղաքացիների շահերի պաշտպանությունը, օրինականության պահպանումը, հանցավորության դեմ անզիջում պայքարի իրականացումը:

«Այդ գործառույթներն արդյունավետորեն իրականացնելու համար պահանջվում է արհեստավարժության բարձր մակարդակ, պատասխանատվություն, սկզբունքայնություն եւ նվիրվածություն: Դատախազությունում կա համապատասխան ներուժ այդ ամենը անհրաժեշտ մակարդակով իրականացնելու համար»,- նշել է իր ելույթում Արցախի Հանրապետության Նախագահը: