Կարծում եմ՝ պարոն Ծառուկյանը, ԲՀԿ խմբակցությունը եւ խմբակցության առանձին անդամներ կբարձրաձայնեն իրենց մտահոգող հարցերը եւ կտեսնենք՝ կառավարության պատասխանը նրանց կբավարարի, թե՝ ոչ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կառավարության ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չէր համարել, քանի որ չկան թվեր, ժամկետներ ու մեխանիզմներ:

«Ինչ վերաբերում է տնտեսական հեղափոխության մասին պատկերացումներին՝ այս քննարկումը միտված է նրան, որ հասկանանք, թե առանձին խմբակցությունների պատկերացումները որքանով են համապատասխանում եւ ինչպիսի դիրքորոշում ենք այդ առումով ձեւավորում»,-ասաց Մակունցը:

Դիտարկմանը, որ Նիկոլը Փաշինյանը իր ելույթում նշել էր, որ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական հեղափոխությունը պետք է կատարել նույն գործիքակազմով. ի՞նչ գործիքակազմի մասին է խոսքը՝ լրագրողի հարցին Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Կարծում եմ, որ այդ հարցի պատասխանը որոշ չափով մանրամասնել է Փաշինյանն իր խոսքում այն շեշտադրմամբ, որ հեղափոխությունը հնարավոր եղավ, որովհետեւ այն սկսեց մի մարդուց, սկսվեց որովհետեւ ՀՀ քաղաքացին իրեն պատասխանատու զգաց փոփոխությունների համար, եւ իր ձեռքը վերցրեց այն գործիքը, որն իրենն էր: Եվ տնտեսական հեղափոխության մասին վարչապետի ասածը հենց դրան էր վերաբերում, որպես օրենսդիր, գործադիր, դատական մարմիններ, մենք ունենք մեր գործիքները տնտեսական հեղափոխության իրականացման, բայց ՀՀ քաղաքացին այդ գործիքները, որ իրենն են այս տիրույթում, պետք է իրականացնի, այդ թվում եւ հաշվետու պահելը:

Կարեւոր չէ, թե մեր երկրի խնդիրները ինչ հանգամանքներում են ծագել,  մենք գիտակցում ենք, որ պատասխանատուն այդ խնդիրների լուծման ճանապարհները մենք պետք է գտնենք»:

Իսկ լրագրողի հարցին, թե կոնկրետ յուրաքանչյուր քաղաքացի ի՞նչ պիտի անի տնտեսական հեղափոխության կայացման համար պատասխանեց կարճ. «ՀՀ քաղաքացիները պետք է վճարեն հարկեր»: