Պաշտպանության նախարարությունը չի պատրաստվում ոչ ծածկել, ոչ կոծկել որևէ տեղեկատվություն և դա չի արել տարիներ շարունակ: Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Հիմա փոքրիկ ծառայողական քննություն է իրականացվում պարզելու` թե ինչի հետ է կապված եղել, որովհետեւ, հաշվի առնելով, որ դեպքը կապված չի եղել ծառայության հետ, մենք մեծ ուշադրություն չենք դարձրել այդ խնդրին»,-ասաց նա:

Նախարարի համոզմամբ՝ հնարավոր չէ մեր օրերում որևէ տեղեկատվություն ծածկել, քանի որ այն փոխանցվում է ինչպես պաշտպանության նախարարությունից, այնպես էլ դատախազությունից և քննչական ծառայությունից. « Հնարավոր չէ որևէ բան կոծկել, բայց ես չեմ կարծում, որ անհրաժեշտ է ծառայության հետ չկապված նախաքննության փուլում գտնվող դեպքերի վերաբերյալ անընդհատ պետք է բարձրաձայնել»,-հավելեց նախարարը:

Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը, սակայն դեպքի մասին Պաշտպանության նախարարությունն ու ՀՀ քննչական կոմիտեն որևէ տեղեկություն չեն հայտնել: