Կարևորելով մշակութային լավագույն արժեքների տարածումը Հայաստանում` Ամերիաբանկը նախաձեռնել է նշանավոր երգիչ Պաատա Բուրչուլաձեի ելույթը Հայաստանում` նվիրված նրա ստեղծագործական գործունության 40 ամյակին: Այդ մասին NEWS.am-ին  հայտնեցին Ամերիաբանկի մամուլի ծառայությունից։

Աշխարհի լավագույն բեմերում հանդես եկող երգիչը փետրվարի 21-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  կներկայանա Ջուզեպպե Վերդիի «Աթթիլլա» օպերայի համերգային կատարմամբ` մասնակցությամբ թատրոնի մեներգիչների, սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի, դիրիժոր` Հարություն Արզումանյան, թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար` ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյան:

Պաատա Բուրչուլաձեն պարբերաբար համերգային կատարումներով հանդես է գալիս աշխարհի առաջատար երաժշտական հարթակներում և փառատոներում, այդ թվում՝ Լա Սկալայում, Մյուզիքվերեյնում, Վիեննայի Կոնցերտհաուսում, Զալցբուրգի փառատոնում, Քովենթ Գարդենում,  Բեռլինի օպերայում, Բավարիայի պետական օպերայում, Շտուտգարտի պետական օպերայում, Ցյուրիխի Տոնհալլե համերգասրահում, Բրյուսելի Լա Մոնե օպերային թատրոնում, Բաստիլի օպերայում, Փարիզի Սալ Գավո համերգասրահում, Սոլոթորնում, Բարսելոնայի Պալաու համերգասրահում, Սևիլյայում, Վարշավայում և Մոսկվայում: Նա հանդես է եկել նաև «Royal Opera House»-ի բեմում:

Եվ ահա առաջին անգամ անվանի երգիչը ներկայանալու է հայաստանյան հանդիսատեսին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Նշենք, որ  «Աթթիլլա» օպերայի համերգային կատարումը Հայաստանում առաջին անգամ է տեղի ունեմում:

Համերգային նախագծի աջակիցներն են «Արմենիան Հելիքոփթերս» ՍՊԸ-ն և «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը: