ՌԴ ԱԳՆ-ն ըմբռնումով է մոտենում «Արեւելյան գործընկերություն» ծրագրին մասնակցելու Հայաստանի եւ Բելառուսի շահերին: Այս մասին «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին հայտնել է ՌԴ ԱԳՆ համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Կելինը: 

««Արեւելյան գործընկերությունը» մենք դիտարկում ենք որպես ոչ միանշանակ նախաձեռնություն, ինչը անընդհատ մատնանշում ենք նաեւ նրա նախաձեռնողներին եւ մասնակից երկրներին: Իհարկե, չնայած բոլոր «գեղեցիկ բառերին», Բրյուսելի կողմից այն նախաձեռնելու իրական պատճառը ոչ ոքի մոտ պատրանքներ չի առաջացնում: Իսկ մեզ հետ մտերիմ երկրներին «կամ Ռուսաստանի կամ Արեւմուտքի հետ» ընտրության առաջ դնելու փորձերի հետեւանքները մենք կարող ենք տեսնել Ուկրաինայում:

Միեւնույն ժամանակ մենք ըմբռնումով ենք մոտենում մեր հայ և բելառուս գործընկերների՝ այդ ծրագրին մասնակցելու շահերին, որը նրանք ԵՄ հետ համագործակցությունը զարգացնելու հնարավորություն են դիտարկում, այդ թվում նաեւ իրենց տնտեսությունների կայուն զարգացման համար: Նրանք մեր հուսալի գործընկերներն են եւ մենք նրանց չվստահելու հիմքեր չունենք», - ասել է Կելինը: