Ազգային ժողովում երբ վարչապետ Փաշինյանը ներկայացնում էր կառավարության ծրագիրը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրեց Պարույր Սեւակի «Անկեղծ ասած՝ այս ամենից ես հոգնել եմ» բանաստեղծությունը։

Այդ ինչ անկեղծություն էր եւ ինչից է հոգնել Մարուքյանը, խորհրդարանի միջանցքում փորձեցին պարզել լրագրողները․ հարցին, թե այդ ցիտատի մեջ քաղքական ենթատեքստ կա՞ր, Մարուքյանը պատասխանեց․ «Իմ ցանկացած արարքի մեջ քաղաքական ենթատեքստ կա, ես ինչ անում եմ, մեջը քաղաքական ենթատեքստ կա»։

Իսկ հարցին, թե արդյոք այդ բանաստեղծությամբ ակնարկել է, որ հոգնել է կառավարությունից կամ նրա ծրագրից, Մարուքյանը արձագանքեց․ «Դա ձեր մեկնաբանությունն է․ յուրաքանչյուր ոք էդ բանաստեղծությունը կարդալուց մի զգացում կարող է ունենալ։ Ես ցանկացել եմ տարբերվել մյուսներից, որովհետեւ առավոտից Հրանտ Մաթեւոսյանին են ցիտում, մինչդեռ կարելի է ցիտել, օրինակ, Սեւակին»։

Լրագրողները Էդմոն Մարուքյանին փոխանցեցին նաեւ նրա գրառման վերաբերյալ Սասուն Միքյալյանի արձագանքը․ «Որ հիմիկվանից հոգնել եք, բա հետո ինչեր կանեք», Մարուքյանն էլ Միքյալյանին խորհուրդ տվեց Սեւակ կարդալ․ «Ես խորհուրդ կտամ՝ կարդա էդ բանաստեղծությունը, չգիտեմ՝ կարող է չգիտի ինչ բանաստեղծության մասին է խոսքը»,- ասաց նա։