Նոր Նորք վարչական շրջանի աշխատակիցները կատարել են հավելյալ աշխատանք, սակայն չեն ստացել պարգևատրում, քանի որ գրանցված են փակ բաժնետիրական ընկերությունում, որը 100 տոկոսով պատկանում է Երևանի քաղաքապետարանին: Այսօր՝ փոտրվարի 12-ին, այս մասին Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստում ասաց «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը. «Մարդիկ չեն ստացել պարգևատրում ՓԲԸ լինելու պատճառով, բայց աշխատել են հավելյալ, վարչական շրջանի ղեկավարը աշխատեցրել է՝ տոնածառի լույսեր փաթաթել տալով, զարդարելով, որը կանաչապատման ՓԲԸ-ի գործառույթների մեջ չի եղել»:

Նա խնդրեց, որպեսզի վարչական շրջանի ղեկավարը պատասխանի, թե ինչ սկզբունքով է մարդկանց անվճար աշխատեցրել, ընտրել աշխատակիցների, ում է հեռացրել և ովքեր են շարունակելու աշխատել:

Քանի որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհրյանը բացակայում էր դահլիճից, հարցին պատասխանեց նրա տեղակալը. «Ինչ վերաբերում է օպտիմալացման հարցին, կանաչապատման ՓԲԸ-ի տնօրենը ինքն է որոշում օպտիմալացումը ու կրճատման հարցերը, իսկ աշխատավարձերի մասով կանաչապատման ՓԲԸ-ն տենդերը շահել է, հաջորդել է պայմանագրերի կնքման փուլը, հարկային պարտավորություններ է ունեցել, այս պահին կանաչապատման ՓԲԸ-ի գործառույթները փաստացի դադարեցված են»,- ասաց նա՝ հավելելով, որ վարչական շրջանի շենքի զարդարումն իրականացնրել են աշխատակիցների միջոցով: