Առաջիկայում Գերմանիայում կսկսի գործել երկու տերմինալ, որոնք կարող են ընդունել հեղուկացված բնական գազ ԱՄՆ-ից։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Փիթեր Ալթմայերը Գերմանիայի եւ ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչների հանդիպման ժամանակ, տեղեկացնում է AP-ը։

Նրա խոսքով՝ Բեռլինը պատրաստ է «զգալի» սուբսիդիաներ տրամադրել տերմինալները կառուցող կոնսորցիումներին, բայց հրաժարվել է նշել գումարը։

ԱՄՆ էներգետիկայի փոխնախարար Դեն Բրուիլեթն ասել է, որ Միացյալ Նահանգները «ոգեւորված» էր Գերմանիայի եւ Ֆրանսիայի անցած շաբաթվա համաձայնագրով, որում կիրառվելու են գազատարներին (ինչպիսին է «Հյուսիսային հոսք-2»-ն) վերաբերող ԵՄ կանոնները։

Վաշինգտոնը կտրականապես առարկում է այդ նախագծին՝ զգուշանալով, որ դա Ռուսաստանին Եվրոպայում ավելի մեծ քաղաքական լծակներ կտա եւ կշրջանցի ԱՄՆ դաշնակիցներին Արեւելյան Եվրոպայում։