Երեւանի քաղաքապետարանն Արամի 23 հասցեում գտնվող շենքի հետ կապված որեւէ պարտավորություն չուներ։ Այս մասին Երեւանի ավագանու նիստում փետրվարի 12-ին հայտարարեց փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։

Նրա խոսքերով, քայլերը, որ կատարում է քաղաքապետարանը, ընդամենը բարի կամքի դրսեւորում են։

«Վերջերս կնքվել է քառակողմ համաձայնագիր՝ իտալական ընկերության մասնակցությամբ, որը կպատրաստի պատերի վերականգնման նախագիծ։ Նախագծի արժեքը կկազմի 14 հազար եվրո»,- նշեց Տիգրան Վիրաբյանը։

Նշենք, որ հունվարի 11-ին Երեւանում, դանդաղելու եւ պատշաճ ուշադրության բացակայության հետեւանքով քանդվել էր Արամի 23 հասցեում գտնվող մշակութային հուշարձանի վթարային վիճակում գտնվող պատը։ Հենց այդ շենքում է տեղակայված «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը, եւ երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանը անցյալում բազմիցս իշխանությունների ուշադրությունը հրավիրել էր շենքի ահավոր վիճակի վրա։