Հայաստանի կաավարությունն առաջիկայում որոշում կկայացնի «Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ-ն վաճառելու մասին։ Այս մասին, ներկայացնելով կառավարության գործունեության ծրագիրը, փետրվարի 12-ին Ազգային ժողովում նշել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդեւան Գրիգորյանի հարցին։ Պատգամավորը, մասնավորապես, հետաքրքրվել է, թե ինչու է կառավարությունը որոշել վաճառել «Շիրակի հանրային հեռուստատեսություն եւ ռադիո» ՓԲԸ-ն, այն դեպքում, երբ գործազրկության մակարդակը Շիրակի մարզում համարվում է առավել բարձրներից մեկը հանրապետությունում։ Ի պատասխան Փաշինյանն ասել է, որ այս հեռուստառադիոընկերության լուծարումը ունի թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական ենթատեքստ։ «Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ-ն Հանրային հեռուստառադիոընկերության մասնաճյուղն է, եւ հիմա հարց է ծագում, թե ինչու չկա Արմավիրի հանրային հեռուստառադիոընկերություն, Սյունիքի հանրային հեռուստառադիոընկերություն։ Այսինքն՝ եթե այդպես է, ուրեմն պետք է բացել մասնաճյուղեր երկրի բոլոր մարզերում... Այդ հեռուստառադիոընկերության գոյությունը տրամաբանական չէր, եւ կառավարությունը նման որոշում է ընդունել՝ ելնելով այս համատեքստից»,- բացատրել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ արդյունքում «Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ աշխատակիցները կկարողանան պահպանել իրենց աշխատատեղերը դեռեւս մի քանի  տարի։ «Այդ մարդիկ, համաձայն ներդրողի հետ մեր համաձայնագրի, առանց աշխատանքի չեն մնա»,- ընդգծել է Փաշինյանը։ Վարչապետը, սակայն, չի ճշտել, թե ով է պատրաստ ներդրումներ անել այս հեռուստառադիոընկերությունում։