Երբ ժամանակին Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագրի մասին էին խոսում, խոսում էին միանգամայն այլ իրավիճակի, այլ ռեժիմի մասին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ երբ Հովիկ Աբրահամյանի կառավարությունն էր ծրագիր ներկայացնում, Նիկոլ Փաշինյանը «պեռաշկու» անեկդոտն էր պատմում, որ սկզբում դեռ մսին չես հասել, իսկ հետո արդեն անցար՝ այդպես էլ միսը չտեսնելով: 

Արայիկ Հարությունյանի խոսքով, այս ծրագիրը շեշտակիորեն տարբերվում է մյուսներից հենց միայն կրթության ոլորտի կամ մշակույթի ոլորտի փոփոխություններով. «Իմ քայլը» դաշինքի ծրագիրը ներկայացնելիս նշում էինք, որ մեր հիմնական ուղղությունները լինելու են կրթությունը, առողջապահությունը, ենթակառուցվածքները: Միայն սրանով արդեն կարելի է ասել, որ միանգամայն այլ ուղնիշներ են դրված այս կառավարության համար: Եթե այս ուղղություններով հեղափոխություն չենք իրականացնում, ապա դժվար կլինի լուրջ արդյունքների մասին խոսել»,-ընդգծեց նա: