Մեր խնդիրը սպորտը հանրակրթության ոլորտ տանելն է. առանց դրա լուրջ հաջողություն չենք ունենա: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

Հարցին, թե արդյոք կառավարության ծրագրում սպորտը չի անտեսվել այնպես, ինչպես որ անտեսվել է  նախարարության անվանման մեջ, որի մասին, ի դեպ, ԱԺ նիստի ժամանակ մտահոգություն էր հայտնել «Իմ քայլը» դաշինքից մարզիկ Արսեն Ջուլֆալակյանը, Արայիկ Հարությունյանն արձագանքեց, որ չի կարծում, որ սպորտն անտեսված է ծրագրում, միգուցե քիչ տեղ է գրավում, բայց դա անտեսում չի կարելի համարել, իսկ «սպորտ» բառը նախարարության անվանման մեջ ներառելու հարցը կարելի է քննարկել, եթե այն կարեւոր է ոլորտի ներկայացուցիչների համար:

«Մեր ծրագրում կրթության ոլորտի զարգացման բաղադրիչներից մեկը սպորտի մասայականացումն է: Այդ գործառույթը տեղափոխվում է կրթության ոլորտ: Արսեն Ջուլֆալակյանը ճիշտ է նկատել, որ հատվածական, փոքր ոլորտի ֆինանսավորմամբ, օլիմպիական խաղերից առաջ տվյալ ոլորտը ֆինանսավորելով եւ մեկ-երկու մեդալ շահելով արդյունք չենք ունենա: Սպորտը պիտի տանենք դպրոցներ ու բուհեր: Առաջարկում ենք ստեղծել մարզական ակումբների համալսարանական լիգա: Օլիմպիական խաղերում մեծ հաջողություն ունենում են այն պետությունները, որոնք զարգացրել են բուհական համակարգում սպորտը եւ ակումբային սպորտը:

Այն, որ անունը չկա նախարարության անվան մեջ, չի նշանակում, որ սպորտը անտեսվելու է, այն համակարգելու համար ունենալու ենք փոխնախարար»,-ընդգծեց ԿԳ նախարարը: