Այո, նախկինում ընդդիմությունը քննադատում էր իշխանություններին՝ կառավարության ծրագրում թվեր չլինելու համար, բայց նախկին ռեժիմի պայմաններում դա կառավարության վրա ճնշում գործադրելու լրացուցիչ լծակ էր ընդդիմության համար: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Հիմա, երբ ունենք ազատ, արդար ընտրություններ, այն ինչ գրված է կառավարության ծրագրում, եթե չի իրագործվել, քաղաքացին, որն ունի ազատ ընտրելու հնարավորություն, ինքը հինգ տարի հետո կորոշի եւ գործող կառավարությանը կտա հավանության քվե, կամ չի տա: Երկրորդ, Կառավարության ծրագրում պարտադիր չէ, որ լինեն շատ թվեր, որովհետեւ անմիջապես ծրագրի ընդունումից հետո ընդունվում է գործողության ծրագիր եւ տարեկան ծրագիր, որտեղ արդեն կան կոնկրետ ցուցանիշներ յուրաքանչյուր տարվա համար»,-հայտարարեց նախարարը:

Նա նաեւ ընդգծեց, որ իրենք բյուջեն չեն գրում փորձագետների համար, գրում են քաղաքացիների համար. «Եթե լինեն դժգոհություններ ժողովրդի կողմից, ժողովրդական միջավայր է, կարող են լինել քննարկումներ, բողոքի ակցիաներ, ի վերջո կարող են լուրջ իրավիճակում արտահերթ ընտրությունների դիմել: Բայց այս իշխանություններն ունեն այնքան քվե, որ հինգ տարում կիրականցնեն իր ծրագիրը, եւ ժողովուրդը կգնահատի»: