Դժվար է լինելու, բայց այս 8 ամիսներին հաջողվել է ԿԳՆ-ում ստեղծել մի համակարգ, որտեղ լիազորությունները պատվիրակված են եւ համակարգը լավ է աշխատում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով նրան, որ ինքը համակարգելու է մի քանի նախարարությունների միավորման արդյունքում ստեղծվող սուպեր նախարարությունը:

«Ես կփորձեմ այս ամիսներին մեր թիմի հետ նմանատիպ համակարգ ձեւավորել մյուս նախարարություններում»,-ասաց նա:

ԿԳ նախարարը մշակույթի ոլորտում կարեւորեց ոլորտային միությունների կայացումը. «Ամբողջ աշխարհում մշակույթը զարգացել է այն ժամանակ, երբ հզոր են եղել մշակութային միությունները, լուծումներ են առաջարկել, եղել է՝ մի մարմինը, որ պետության հետ կհամագործակցի, եւ պետությունը նպաստելու է արվեստի միությունների զարգացմանը: Մշակույթը պետք է գնա կրթական համակարգ: Մշակույթ-կրթական համակարգերի սերտաճումը միանգամայն այլ հասարակական հարաբերություններ կստեղծի ՀՀ-ում: Անցած 8 ամիսներին այս երկու նախարարությունները հիմնական ծրագրերը համատեղ են իրականացրել»,-ասաց նախարարը: