Երևանի 19-րդ պոլիկլինիկայի պատմությունը գնալով «կալամբուրի» է նմանվում, հայտնաբերվել են մի շարք կոպտագույն խախտումներ, քրեական գործ է հարուցվել տնօրեն Սամվել Սարգսյանի դեմ, սակայն հարցը դեռևս լուծում չի ստանում: Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, Երևանի ավագանու նիստում բարձրաձայնեց «Լույս» դաշինքի ավագանու անդամ Թեհմինե Վարդանյանը:

«Նախորդ տարի բազմաթիվ բժիշկների խնդրանքով և պահանջով «Ելք» խմբակցությունը այցելեց պոլիկլինիկա, հայտնաբերեց մի շարք կոպտագույն խախտումներ, աննախադեպ կոռուպցիոներ տնօրեն, սեպտեմներին քրեական գործ հարուցվեց տնօրենի վրա»,-ասաց նա:

Ավագանու անդամը հիշեցրեց, որ 2014 թ փետրվարի 11-ի ավագանու որոշմամբ պոլիկլինիկան հանձնվել է հավատարմագրային կառավարման հինգ տարի ժամկետով և այդ ժամկետը լրացել է. «Նորից պետք է աուդիտ արվի, այնտեղ մեկ հոգի է փոխվել, այս ամիսների ընթացքում՝ «ծիշինա» է, ինչո՞ւ հետ չենք վերցնում հավատարմագրային արտոնությունները»,- հետաքրքրվեց նա:

Թեհմինե Վարդանյանի հարցին պատասխանեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը՝ նշելով, որ իր աշխատանքային առաջին օրը հանդիպել է 19-րդ պոլիկլինիկայի աշխատակիցներին. «Այնտեղ կա քրգործ և քրեական գործի սահմաններում բոլոր փաստաթղթերը առգրավված են: Որպեսզի քաղաքապետարանի կողմից ուսումնասիրություն արվի, մենք թույլտվություն խնդրեցինք քննչական կոմիտեից: Այժմ թույլ են տվել, մենք կարող ենք ուսումնասիրություն իրականացնել, իսկ տնօրենը տվյալ ՍՊԸ-ի կողմից է նշանակված, և խնդիրը անձն է, ոչ թե ՍՊԸ-ն, երբ ավարտվի գործը, նոր մեր եզրակացությունը կտանք»,- ասաց նա:

Թեհմինե Վարդանյանը վերջում հավելեց, որ ինքն ամեն ինչ անելու է, որպեսզի տվյալ անձը չաշխատի որպես տնօրեն, և հուսով է, որ հարցը շուտ լուծում կստանա:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ Երևանի թիվ 19 պոլիկլինիկայի տնօրենը բուժաշխատողների աշխատավարձերից պահումներ է արել, մտացածին անձանց անուններով կատարվել են «մամոգրաֆիա» հետազոտության վերաբերյալ վճարումներ՝ 10 000 դրամի չափով, այն դեպքում, երբ նշված սարքն ընդհանրապես չի աշխատել, և ըստ այդմ նրան մեղադրանք է առաջադրվել: