Մենք անցում ենք կատարում ներառական տնտեսական աճի մոդելին, ինչը ենթադրում է, որ մեծաթիվ քաղաքացիներ պետք է մասնակից լինեն Հայաստանում գեներացվող հավելյալ արժեքին, սա է հիմնական եւ կոնցեպտուալ փոփոխությունը, որ տեղի է ունեցել նախկին կառավարությունների ծրագրերի հետ համեմատած, եւ կարծում եմ սա հեղափոխական փոփոխություն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Լրագրողի հարցին՝ արդյոք կառավարությունը պատասխանատվությունից խուսափում է՝ ծրագրում չարտացոլելով թվեր եւ մանեւրելու փորձ է անում՝ քաղաքացիներին ներգրավելով տնտեսական քաղաքականության մեջ, Ավինյանը պատասխանեց․

«Կառավարությունը որեւէ պատասխանատվությունից չի խուսափելու, այն թեզերը, որ գրվել են, հիմնված են ֆինանսական մոդելների վրա, եւ դրանք կարտացոլվեն այլ ֆորմատներով՝ միջնաժամկետ ծրագրերում․ սահմանում չկա, որ պարտադիր բոլոր թվերը պետք է ներառված լինեն։ Կառավարության պատասխանատվությունբը շատ հստակ է լինելու, թվային պատասխանատվությունը, թվային թիրախները, որ դրված են այս մոդելների վրա, կտեսնեք եւ կպահանջեք»։

Տնտեսական հեղափոխությանը թե հատկապես ինչպես են մասնակցելու քաղաքացիները, Ավինյանը բացատրել է․

«Զբաղվելու են միկրոբիզնեսով, օգտվելու են տարբեր գրասենյակներից, որոնք իրենց հմտությունները կզարգացնեն, փորձելու են աշխատանք գտնել այն ոլորտներում, որտեղ իրենք չունեն կրթություն։ Կառավարությունը պետք է անի այն հնարավորը, որպեսզի ստեղծի այդ համակարգերը, որպեսզի առաջին հերթին ՀՀ քաղաքացիների մոտ ֆորմալ զբաղվածության աճը տեղի ունենա, երկրորդ հերթին՝ աշխատանքի արդյունավետությունը եւ արտադրողականությունը բարձրանան, երրորդ հերթին՝ ներդրումային դաշտը բարելկավվի եւ ներդրողներ ներգրավենք, որպեսզի նոր աշխատատեղեր ստեղծվեն»։