Անկեղծ ասած, ես էլ եմ ուսանող եղել, ես էլ եմ Իջեւանից Երեւան կարտոֆիլ բերել, բայց պարտադիր չէր, որ դա լիներ մեկ պարկ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սահմանին քաղաքացիների կողմից ապրանքներ ներկրելու սահմանափակումների խստացմանը:

Մասնավորապես, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը նշեց, որ սահմանափակումը մինչեւ 25 կգ սահմանելու պատճառով շատ տուժում է Վրաստանի, հատկապես Ջավախքի հայությունը. «Ուսանող ջավախքցին որ գալիս է Հայաստան սովորելու, նա կարող է իր հետ մեկ պարկ կարտոֆիլ գերել, որը 50 կգ է եւ ստիպված է լինելու մաքսազերծման առջեւ կանգնել»,-ասաց նա:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կարելի էր այդ 50 կգ կարտոֆիլը փոքր չափաքանակներով եւ ավելի երկար ժամանակով բերել. «Չնայած ուսանող ժամանակ մենակ կարտոֆիլ էինք ուտում, բայց էնպես չէր, որ մի շաբաթվա մեջ մեկ պարկ կարտոֆիլը ուտում էինք»:

Նա ընդգծեց, որ ինքը պատգամովրի մտահոգությունը կիսում ու հասկանում է. «Նույնիսկ ընդունում եմ, բայց խնդիրը հետեւյալն է, որ եթե մենք մի խնդիր լուծում ենք ու սկսում ենք բացառություններ անել, այդ բացառությունները դաշտ է ստեղծում ոչ միայն այն անձանց համար, որոնց համար այդ բացառություններն անում ենք, այլեւ ուրիշների համար»:

Նա հիշեցրեց, որ մեկը հին լվացքի մեքենա էր ուզում ներկրել, թույլ չէին տվել, ջարդել էր հենց մաքսատանը. «Կառավարությունն ասաց, որ եթե մարդիկ ուզում են իրենց անձնական օգտագործման համար, ոչ առւտրային նպատակներով եւ ոչ առեւտրային չափաքանակներով ապրանք բերեն, թող բերեն: Մենք ընդառաջ ենք գնում մեր քաղաքացիներին, բայց ինչ եղավ հետո. ֆուռը բերում կանգնեցնում էին ու 50-50 կգ-ով ներկրում: Հիմա էլ եկել կառավարության դիմաց ցույց են անում, թե մեզ պետք է տաք հնարավորություն, որ դա շարունակենք: Հիմա էլ կարտոֆիլը 50-50 կգ-ով ներկրելու հնարավորություն ենք ստեղծում: Կառավարությունը կարգավորում է մտցնելու եւ արձանագրելու է, որ այդ հնարավորությունից քաղաքացին կարող է օգտվել ամսական 1-2-3 անգամ»,-ասաց Փաշինյանը: