Հայաստանի կառավարությունը ձգտում է գործարկել հանրամատչելի բժշկական ապահովագրության համակարգ, սակայն այդ հարցով դեռ պետք է հասարակական քննարկումներ անցկացվեն։ Այս մասին, ներկայացնելով կառավարության գործունեության ծրագիրը, փետրվարի 12-ին Ազգային ժողովում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին, ով հետաքրքրվեց՝ մտադրություն ունի՞ արդյոք կառավարությունն անցնել բժշկական պարտադիր ապահովագրության համակարգին։

Վարչապետի խոսքերով, իրենք որոշել են գնալ այդ ուղիով, եւ միջոցները, որ կառավարությունն այժմ ծախսում է պետպատվերների վրա, կփոխանցվեն բժշկական պարտադիր ապահովագրության համակարգին՝ սոցիալապես անապահով խավերի համար։ «Մենք այլ ընտրություն չունենք։ Մենք պետք է գնանք բժշկական օգնության հանրային հասանելիության ճանապարհով։ Կառավարության ներսում նույնպես բանավեճեր են տեղի ունենում»,- պարզաբանեց Փաշինյանը։