Ադրբեջանը նորից կոչ է արել շարունակել խաղաղ բանակցությունները և ժողովուրդներին պատրաստել խաղաղության։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը ասել է, որ «Չնայած Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի խաղաղության կոչերին, Հայաստանը թույլ չի տալիս երկու համայնքներին միջև երկխոսություն սկսել»։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով այն նախապայմաններին, որոնց առկայությամբ միայն հնարավոր կլինի այդ երկխոսությունը։ 

«"Երկու համայնքների" միջև խաղաղություն սկսելու համար մի շարք նախապայմաններ են պետք։ Առաջին հերթին Ադրբեջանը պետք է ճանաչի 1915 թ-ին տեղի ունեցած Ցեղասպանությունը, առանց որի փոխադարձ վստահության հասնելն անհնարին է։

Անգամ թուրքական մամուլում է հնարավոր այդ հարցը քննարկել, իսկ Թուրքիայի նախագահը տեղի հայերին ցավակցում է "այդ ողբերգական" դեպքերի կապակցությամբ, թեկուզ չօգտագործելով Գենոցիդ բառը։

Սակայն Ադրբեջանում այդ հարցն առանց ծաղրանքի անգամ քննարկել հնարավոր չէ, չնայած նրան, որ դա իրենց չի վերաբերվում։ Այդքան խորն է հայերի հանդեպ ատելությունը։

Ժողովուրդներին խաղաղության պատրաստելու լավագույն ցուցիչը կլինի մի քանի տասնյակ երկրների կողմից ճանաչված հայերի Ցեղասպանությունը Ադրբեջանի կողմից ընդունելը։ Դրանից հետո Բաքվի, Սումգայիթի, Մատաղիսի և Խոջալուի ողբերգությունների համար կկարողանանք միմյանցից ներողություն խնդրել։

Իսկ թէ ինչ կորոշեն "երկու համայնքները", դա արդեն կյանքը ցույց կտա։

Հ․Գ․ Բանակցությունների սեղանին դնելու հարցադրում է, Ադրբեջանը պատասխան չի ունենա, միայն Խոջալուի հարցով է կարող խոսել, դա էլ միջազգայնորեն ճանաչված չէ ու Բաքվի ու Խաջալուի հարթություն կարող ենք իջեցնել։ Այստեղ նաև Թուրքիայի պահը կա, ինչը կարևոր է։»,- ասված է նրա գրառման մեջ։