Յուրաքանչյուր չորրորդ վայրի կենդանին կամ թռչունը մարդու ձեռքով է մահանում։ GPS-նշումներով կենդանիների ուսումնասիրության արդյունքում այսպիսի եզրակացության են հանգել Նյու Յորքի Պերչեզ քոլեջի գիտնականները՝ հայտնում է Hightech-ը՝ հղում կատարելով Global Ecology and Biogeography-ին։

Որոշ գիտնականներ կարծում են, որ այժմ կատարվում է մոլորակի պատմության մեջ զանգվածային վեցերորդ անհետացումը։ Հետազոտողները հաշվարկել են, որ մարդու հայտնվելուն նախորդող դարաշրջաններում այն ժամանակ գոյություն ունեցող 10 հազար տեսակի կենդանիներից անհետացել է երկու տեսակի կաթնասուն։ 20-րդ եւ 21-րդ դարերում այդ թիվն աճել է 114 անգամ։

Ջերոլդ Բելթոնի ղեկավարությամբ գիտնականները տվյալներ են հավաքել 120 000 կաթնասունների, թռչունների, սողունների եւ երկկենցաղների մասին։ Հետազոտության ընթացքում ուսումնասիրվող կենդանիներից 42 հազարը մահացել է, եւ մեծ մասամբ նրանց մահվան մեջ մեղավոր է եղել մարդը։

Փետրվարի սկզբին Օրեգոնայի համալսարանի հետազոտողները պարզել են, որ մեգաֆաունայի ներկայացուցիչների 70 տոկոսը, հիմնականում 40-45 կիլոգրամանոց կենդանիներ, անկում է ապրում մարդու կողմից մսի չափազանց շատ օգտագործման պատճառով։ Կենդանիների 59 տոկոսը անհետացման վտանգի տակ է։