Մոսկվան Վենեսուելայի իշխանությունների հետ սերտ կապի մեջ է, Ռուսաստանը պատրաստ է «բարի ծառայություններ մատուցել» Վենեսուելայում ճգնաժամի լուծման համար՝ հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք շատ սերտ համագործակցության մեջ ենք մեր բարեկամ այդ երկրի իշխանությունների հետ։ Մենք պատրաստ ենք բարի ծառայություններ մատուցել այս սուր ճգնաժամային իրավիճակից դուրս գալուն նպաստելու համար»,- ասել է Ռյաբկովը։

«Առանց երկխոսության, առանց ծայրահեղական կարգախոսներից եւ պահանջներից հրաժարվելու, առանց իրավիճակը փոփոխելու, ինչպես դա արվել է շատ երկրների եւ քաղաքական գործիչների կողմից՝ Լատինական Ամերիկայում եւ այլ պետություններում, երկխոսությունը արդյունավետորեն առաջ չի գնա»,- լրագրողներին ասել է փոխնախարարը։