Մեքսիկացի թմրաբարոն Խոակին Գուսման Լոերին՝ «Գաճաճ» մականունով, ում ավելի վաղ ԱՄՆ երդվյալների կոլեգիան մեղավոր էր ճանաչել մեղադրանքի բոլոր կետերով, կարող են տեղափոխել առավելագույն խիստ ռեժիմի բանտ, որտեղից 25 տարում դեռեւս ոչ ոք փախուստ չի կատարել, հայտնում է New York Post-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ Գաճաճին, որ նախկինում Մեքսիկայում 2 անգամ բանտերից փախուստ էր կատարել, կարող են ուղարկել Կոլորադո նահանգի Ֆլորենսի  ADX Florence ուղղիչ հաստատություն: Այն ոչ պաշտոնապես անվանում են «լեռնային Ալկատրաս»: «Ռեյթեր» գործակալությունը նշում է, որ 1994 թվականին բացվելու պահից ի վեր այս բանտից ոչ ոք փախուստ չի կատարել: Այնտեղ են պահվում ԱՄՆ ամենավտանգավոր հանցագործները:

Գաճաճի փաստաբանները հայտարարել են, թե «կարեւոր չէ նրան հիմա ուր կտեղափոխեն, դա ավելի լավ կլինի այն վայրից, որտեղ հիմա է գտնվում», նշում է New York Post-ը: Վերջին 2 տարում նա գտնվում է Մանհեթենեի ուղղիչ կենտրոնի մենախցում, որտեղ ամբողջ ժամանակ լույսը միացված է եւ այլ բանտարկյալների հետ շփում չկա:

Փաստաբաններից մեկը նշել է, որ Ֆլորենսում նա կկարողանա օրվա մեջ 2 ժամ զբոսնել հատուկ հրապարակում:

Մեքսիկայի ամենաշատ որոնվող թմրաբարոններից մեկը ԱՄՆ իշխանություններին էր հանձնվել 2017 թվականի հունվարին՝ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի վերջին աշխատանքային օրը: Թմրաբարոնին օդանավով Նյու Յորք էին տեղափոխել հսկիչների հետ: Գաճաճին մեղադրանքներ են առաջադրել միանգամից մի քանի նահանգներ՝ Կալիֆոռնիան, Նյու Մեքսիկոն, Թեխասը, Իլինոյսը, Նյու Յորքը: Դրանք կապված են ԱՄՆ կոկաինի մատակարարումների, ապօրինի զենք պահելու եւ սպանություններ կազմակերպելու հետ:

Նյու Յորքի դատարանում երեքշաբթի երդվյալների կոլեգիան Գաճաճին մեղավոր էր ճանաչել մեղադրանքի բոլոր կետերով: Սպասվում է, որ վերջնական դատավճիռը կհրապարակվի հունիսի 25-ին: «Սինալոա» կարտելի ղեկավարին սպառնում է ցմահ ազատազրկում: