Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ընթանում է «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով հերթական դատական նիստը։ Դատարանից NEWS.am-ի թղթակիցը հայտնում է,  որ ոստիկանների կողմից ուժեղացված հսկողություն է իրականացվում դատարանի բակում։ Այսօր դատարանը պետք է շարունակի հարցաքննել գործով տուժող, ՀՀ նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին։ Նշենք, որ  նախորդ՝ փետրվարի 6- ի դատական նիստում Եղիազարյանի հարցաքննությունն ընդհատվեց, քանի որ նիստը դռնփակ քննելու որոշումից հետո դահլիճում ներկա գտնվողները չէին հեռանում եւ դատարանը նման պայմաններում հետաձգեց դատական նիստը։

Նշենք, որ ՊՊԾ գնդի գրավումից հետո 5 ոստիկան պատանդառվեցին, այդ թվում՝ Վալերի Օսիպյանը եւ Վարդան Եղիազարյանը։ Նրանք գնդի տարածքում պահվել են 6 օր։

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։

ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ: