Չենք պաշտպանում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցությունը Սիրիայում: Այս մասին Սիրիա հայ մասնագետների խումբ ուղարկելու վերաբերյալ Aysor.am-ի  հարցմանն ի պատասխան Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը փոխանցել է ԱՄՆ Պետքարտուղարության դիրքորոշումը։

«Մեզ հասկանալի է Սիրիայի մարդասիրական իրավիճակին արձագանքելու այլ պետությունների ցանկությունը, եւ մենք կիսում ենք Մերձավոր Արեւելքում կրոնական փոքրամասնությունների պաշտպանության շուրջ մտահոգությունները», - ասված է  պատասխանում:

«Այնուհանդերձ, մենք չենք պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը՝ լինի քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով, թե ռազմական ուղղվածության:

Մենք նաեւ չենք պաշտպանում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցությունն այս առաքելության նպատակով: Ռուսաստանը գործակցել է Ասադի ռեժիմի հետ՝ կոտորածի ենթարկելով քաղաքացիական անձանց եւ պատճառ դառնալով մարդասիրական աղետի: Ռուսաստանը շարունակում է գլոբալ հարթակում հանդես գալ Ասադի ռեժիմի եւ վերջինիս վայրագությունների պաշտպանության դիրքերից», - ասված է ԱՄՆ Պետքարտուղարության պատասխանում:

Հիշեցնենք՝ փետրվարի 8-ին Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից եւ նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք.Հալեպ):

Այս քայլը մտահոգություն է առաջացրել փորձագետների եւ որոշ քաղաքական ուժերի շրջանում: