Մարտի 25-ին Apple-ը իր կենտրոնակայանի նոր շենքում շնորհանդես կանցկացնի, որի ժամանակ նոր ծառայություններ կներկայացնի: Դրանք հասանելի կլինեն վճարովի բաժանորդագրություն ձեւակերպած  օգտատերերին: Այս մասին հայտնում է BuzzFeed-ը՝ վկայակոչելով ընկերության ծրագրերին տեղյակ աղբյուրներին:

Խոսքն, ավելի շուտ, առաջատար համաշխարհային պարբերականների նորությունների բաժանորդագրության ծառայության մասին է՝ ամսական 10 դոլար արժողությամբ: Բացառված չէ, որ կներկայացնեն նաեւ տեսածառայություն՝ Netflix-ի նմանությամբ. դրա համար Apple-ի պատվերով արդեն վաղուց սերիալներ ու հեռուստաշոուներ են նկարահանվում:

Apple-ը հաճախ է շնորհանդեսներ անցկացնում մարտի վերջին, ընդ որում՝ որպես կանոն, դրանք նվիրված էին նոր սարքերին: Այս անգամ, հնարավոր է, սահմանափակվեն ծառայություններով. BuzzFeed-ի աղբյուրներն ասում են, որ չարժի մարտի 25-ին սպասել, որ կներկայացվի երկրորդ սերնդի AirPods կամ նոր iPad mini:

Դրանից բացի, չի կարելի ամբողջությամբ բացառել, որ շնորհանդես կհետաձգվի: Բանն այն է, որ պարբերականներից շատերին ձեռնտու չեն Apple-ի առաջարկած ֆինանսական պայմանները: Ընկերությունը համարում է, որ իրեն է հասնում շահույթի կեսը (երկրորդ կեսը միմյանց միջեւ կբաժանեն պարբերականները՝ կախված իրենց նորությունների դիտումների թվից), եւ պատրաստ չէ լրատվամիջոցներին հայտնել օգտատերերի տվյալները: