Հակամարտության կարգավորման ընթացքում հասարակություններին խաղաղության նախապատրաստելու մասին դրույթը հայտնի ճշմարտություն է: Այս մասին «Մեդիամաքս»-ին տված հարցազրույցում նշել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:

Նրա խոսքով, Արցախի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության կարգավորման պատմության ընթացքում եղել են ժամանակաշրջաններ, երբ համարվում էր, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում երկրների առաջնորդներն ավելի մոտ են համաձայնության գալուն, քան կողմերի հասարակությունները:

«Այդ է պատճառը, որ հնչում էին ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին կոչեր: Սակայն, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ներկայիս փուլում ամենեւին տեղին չեն փորձերը հավասարության նշան դնել մի կողմից Հայաստանի ու Արցախի, մյուս կողմից՝ Ադրբեջանի հասարակություններում առկա տրամադրությունների միջեւ: Ե՛վ Արցախը, եւ՛ Հայաստանն այդ հարցում բավականին առաջ են գնացել: 

Այդ ուղղությամբ առաջ շարժվելու համար անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանը լրացնի բաց թողածը` անցնի մի երկար ճանապարհ, որից ադրբեջանական իշխանություններն ամեն կերպ խուսափում էին: Պաշտոնական Բաքուն առայսօր ոչ միայն չի նախապատրաստել իր հասարակությանը խաղաղության, այլեւ անում է ճիշտ հակառակը. պետական մակարդակով վարում է հայատյացության արմատավորմանն ուղղված ակտիվ քաղաքականություն, խրախուսում է հայատյացության հողի վրա կատարվող հանցագործությունները եւ հերոսացնում դրանք կատարած հանցագործներին, խոչընդոտում է հասարակական խաղաղարար նախաձեռնություններին, անընդհատ սպառնում է պատերազմով, չի դադարեցնում Արցախի մեկուսացմանն ուղղված փորձերը եւ այլն»,-ընդգծեց Մայիլյանը:

Նրա խոսքով, Ադրբեջանի նման քաղաքականությունն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ստվեր է գցում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամբողջ գործընթացի վրա, հետ է շպրտում այն. «Ուստի, առաջին փուլում ադրբեջանական իշխանությունները պետք է դադարեցնեն ատելության արշավը եւ, գուցե միջազգային աջակցությամբ, գործուն քայլեր ձեռնարկեն` արմատախիլ անելու այն բացասական երեւույթները, որոնք սկսել են արմատավորվել ադրբեջանական հասարակության մեջ` տարիներ շարունակ հայերի նկատմամբ անհանդուրժողականություն տարածելու արդյունքում»:

Հարցին, թե կողմերի միջեւ վստահության ձեւավորման նախադրյալներ տեսնու՞մ է, Արցախի ԱԳ նախարարը պատասխանեց. «Պաշտոնական Ստեփանակերտը բազմիցս հանդես է եկել տարաբնույթ նախաձեռնություններով` ուղղված կողմերի միջեւ վստահության ձեւավորմանը: Սակայն, դրան ի պատասխան Ադրբեջանի կողմից միայն սպառնալիքներ են հնչել:

Վստահության մթնոլորտի ձեւավորումը հանդիսանում է ցանկացած հակամարտության կարգավորման հենասյուներից մեկը: Սակայն, ինչպես ցույց է տվել փորձը, վստահության հաստատմանն ուղղված միջոցների իրականացումը կարող է արդյունավետ լինել միայն այն պայմաններում, երբ ապահովվում է խաղաղ գործընթացի անշրջելիությունը, եւ առկա են մարտական գործողությունների վերսկսումը կանխող միջազգային մեխանիզմներ:   

Ակնհայտ է, որ այն պայմաններում, երբ ադրբեջանական կողմը շարունակում է ամեն կերպ խոչընդոտել հրադադարի ռեժիմի վերահսկողության մեխանիզմների ներդրմանը, ներառյալ նրանք, որոնք համաձայնեցվել էին 2016 թ. Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում, հազիվ թե Բաքվից կարելի է սպասել իրական քայլերի` ուղղված վստահության ամրապնդման միջոցների իրականացմանը»: