Արցախի Հանրապետության ուղիղ եւ լիարժեք մասնակցությամբ բանակցությունների վերականգնումը մեր արտաքին քաղաքական օրակարգի կարեւորագույն հարցերից է: Այս մասին «Մեդիամաքս»-ին տված հարցազրույցում նշել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:

Նրա խոսքով, այդ նպատակին կարելի է հասնել այն դեպքում, եթե երկու հայկական հանրապետությունները հստակորեն բաշխեն իրենց դերերը եւ լիազորությունները Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման գործընթացում:

«Այս ուղղությամբ Երեւանի եւ Ստեփանակերտի համակարգված քայլերը թույլ կտան ստեղծել նախադրյալներ Արցախի՝ բանակցային սեղանի շուրջ վերադարձի համար։  

Հայաստանի ղեկավարությունն, իր հերթին, բազմիցս հայտարարել է, որ բանակցությունների ժամանակ Ստեփանակերտի շահերն անպայման պետք է ներկայացնեն Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունները։ 

Միեւնույն ժամանակ, մենք տեսնում ենք, որ ադրբեջանական կողմն ամեն կերպ հակազդում է լիաձեւաչափ բանակցությունների վերականգնմանը` առաջ քաշելով տարբեր անհիմն գաղափարներ եւ առաջարկություններ:  

Տվյալ հարցում Ադրբեջանի մոտեցումները յուրատեսակ լակմուսի թուղթ են հանդիսանում, որն ի ցույց է դնում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդար լուծումը փնտրելու Բաքվի իրական պատրաստակամության բացակայությունը»,-ընդգծեց Մայիլյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի ոչ պաշտոնական հանդիպումներին, Մասիս Մայիլյանն ասաց. «Ցանկացած հանդիպում, որը նպաստում է տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ամրապնդմանը, կարելի է միայն ողջունել»: