Արցախը, որպես տարածաշրջանում կարեւոր ռազմաքաղաքական գործոն, վաղուց հանդիսանում է անվտանգության ապահովող  եւ դե ֆակտո իր ներդրումն է ունենում տարածաշրջանային կայունության պահպանման գործում: Այս մասին «Մեդիամաքս»-ին տված հարցազրույցում նշել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:

«Օրինակ, արցախյան կողմը սեփական կառավարության միջոցներով միակողմանիորեն ներդրել է շփման գծի մշտադիտարկման տեսանկարահանման համակարգ, որը կարող է մաս կազմել հրադադարի ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմի։ Միջազգային միջնորդներին հնարավորություն է ընձեռվել ծանոթանալ ստեղծված համակարգին»,-ասել է Մայիլյանը:

Նրա խոսքով, Արցախը որպես լիիրավ կողմ պետք է մասնակցի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին եւ ապագա իրավականորեն պարտավորեցնող խաղաղության պայմանագրի մյուս ստորագրողների հետ կիսի պատասխանատվությունը տարածաշրջանի ճակատագրի համար:  

Հարցին, թե Արցախի միջազգային ճանաչման համար ի՞նչ նախաձեռնություններ կան, Մայիլյանը պատասխանել է. «Արցախի միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքականության թիվ 1 առաջնահերթությունն է: Ճանաչման գործընթացն առայժմ ընթանում է բազմաթիվ երկրների վարչական շրջանների եւ քաղաքների մակարդակով: 

Դրա հետ մեկտեղ ջանքեր են գործադրվում`ուղղված Արցախի ապակենտրոնացված համագործակցության եւ միջազգային կապերի ընդլայնմանն ու խորացմանը:  

Անցած տարի ընդլայնվել է ապակենտրոնացված համագործակցության աշխարհագրությունը՝ ընդգրկելով Մերձավոր Արեւելքի տարածաշրջանը: Ընդհանուր առմամբ, 2018 թ. ընթացքում բարեկամական հարաբերություններ են հաստատվել Արցախի եւ օտարերկրյա պետությունների վեց քաղաքների միջեւ»: