Կառավարությունը քննարկում է առանց մեղադրական դատավճռի գույքի վրա բռնագանձում տարածելու մեխանիզմը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 13-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես հասկանում եմ, որ սա կարող է տարօրինակ թվալ: Բայց ուզում եմ ասել, որ մենք ունենք հիմնավորում, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումներում սա համարվում է նորմալ պրակտիկա կոռուպցիայի դեմ պայքարում եւ չի համարվում մարդու իրավունքների խախտում: Դա համարվում է անցումային արդարադատության էլեմենտ: Մարդը պետք է բացատրի իր գույքի ծագման աղբյուրը: Այս դեպքում չի գործում անմեղության կանխավարկածը, այլ, կոպիտ ասած, մեղավորության կանխավարկածը, եթե մարդը չի կարողանում ապացուցել, որ այդ գույքը օրինական է ձեռք բերել, այն համարվում է ապօրինի»,-ընդգծեց Փաշինյանը:

Նա նշեց, որ հիմա մեխանիզմներ են գտնում, որ նախկինում կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված գումարները վերադարձվեն եւ ծառայեցվեն բանակաշինության նպատակներին. «Որոշ դեպքերում դրանք կարող են արտահայտված չլինել մեր բյուջեի մուտքերում, որովհետեւ ինչ-ինչ նկատառումներով դրանք կարող են օգտագործվել այլ նպատակներով: Այսինքն ոչ թե մուտք արվեն բյուջե, այլ ինչ-որ տեղից գնում պետք է իրականացվի բանակի կարիքների համար, կարող է այդ փոխանցումն ուղիղ էդտեղ գնա: Այդ պրոցեսի ծավալներով ես բավարարված չեմ: Կարծում եմ՝ մեր իրավապահ մարմինները, ԱԱԾ-ն ու ոստիկանությունը պետք է ավելի ակտիվ աշխատեն ու ավելի մեծ արդյունքներ ցույց տան»: