«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ամբաստանյալներ Պավել Մանուկյանի եւ Վարուժան Ավետիսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքներից մեկով քրեական հետապնդումը դադարեցվեց:

Նման որոշում քիչ առաջ կայացրեց նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը:

Այսպիսով՝ Պավել Մանուկյանի եւ Վարուժան Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց միայն զանգվածային անկարգությունների նախապատրաստության հոդվածով: Համաներման վերաբերյալ դատարանը վերջնական որոշում կկայացնի, երբ դրա վերաբերյալ կարծիք հայտնեն գործով բոլոր տուժողները։

Նշենք,  որ նախորդ նիստին համաներման դեմ առարկել է նաեւ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: 

Հիշեցնենք, որ համաներման մասին օրենքի նախագծով նախատեսվում է պատժից ազատել ՊՊԾ գնդի տարածքում հանցագործություն կատարած, նրանց հանցակցած, այդ նպատակով հանցափորձ արած կամ հանցագործության նախապատրաստության մասնակից, հարակից տարածքներում դրանց հետ առնչություն ունեցող հանցագործություն կատարած «Սասնա ծռեր» խմբի այն անդամներին, որոնք չեն մեղադրվում սպանություն կատարելու համար, եւ եթե համաներման դեմ չեն առարկում պատանդառված, ֆիզիկական վնաս կրած տուժողները եւ նրանց իրավահաջորդները։