Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցներն այսօր առավոտից անժամկետ փակել են Երեւան-Թբիլիսի երկաթգիծը: NEWS.am-ի հետ զրույցում գործարանի աշխատակից Արմեն Կիրակոսյանն ասաց, որ պահանջում են հանդիպել գործարանի ղեկավարության, կառավարության եւ գործարանին սպասարկող բանկի ներկայացուցիչների հետ. «Մենք ուզում ենք եռակողմ հանդիպում, որպեսզի հասկանանք, թե ինչ է լինելու մեր աշխատանքի հարցը: Երկաթգիծը փակած ենք պահելու այնքա ժամանակ, մինչեւ այս հարցը չլուծվի»,-ասաց նա:

Մեզ հետ զրույցում նա նշեց, որ իրենց են միացել նար քաղաքի բնակիչները, քանի որ գործարանի չաշխատելով նրանք եւս անգործույան են մատնվել. «Սոցալաական մեծ խնդիր է առաջացրել քաղաքում, արտագաղթի, գողությունների թիվն է աճել, աղետալի վիճակ է: Տաքսու վարորդը օրերով կանգնում է, հաճախորդ չի ունենում, գործարանի չաշխատելը ազդում է նաեւ իր վրա: Էֆեկտը զգացվում է ամենքի վրա, ես խանութից եմ առեւտուր անում, հիմա գումար չեմ ստանում, չեմ կարող առեւտուր անել, խանությեր կան՝ օրը 3000 դրամից ավել առեւտուր չեն անում: Այլընտանք չունենք, եթե լիներ երկու գործարան կամ ուրիշ աշխատատեղ, այս ձեւով չէր անդրադառնա քաղաքի վրա»,-պատմեց մեր զրուցակիցը:

Նա ասաց նաեւ, որ գործարանի աշխատանքը կանգնեցնելուց հետո երեք անգամ գնացել են Երեւան, բանակցություններ ունեցել կառավարությունում. «Այն ժամանակ ասվում էր, որ գոնե 1-1.5 տարի պետք է աշխատենք, մինչեւ նոր ներդրում լինի, ինչի մասին ռեալ խոսակցություններ կան: Գործարանում մեզ ասում են՝ պատրաստ ենք աշխատել, կառավարությունում ասում են՝ ամեն ինչ անում ենք, որ աշխատեք, բանկը համաձայն է, բայց մենք չենք աշխատում, մի բան այն չէ»,-ասաց նա:

Արմեն Կիրակոսյանը նշեց նաեւ, որ իրենց պահանջների մեջ է մտնում աշխատել այնպիսի հումքով, որ արտանետումների քանակը զգալիորեն նվազի եւ շրջակա միջավայրը հնարավորինս քիչ վնասի:

Նշենք, որ Երեւան-Թբիլիսի երկաթգիծը փակած ալավերդցիների թիվն այժմ գերազանցում է 300-ը:

Հիշեցնենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները փետրվարի 8-ին նամակ էին գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Զուգահեռ կազմակերպել էին ստորագրահավաք, որը նամակին կից ուղարկվել էր Կառավարություն:
Նամակում մասնավորապես ասված է. «Ալավերդիում չկա այլընտրանք, ստեղծվել է մի աղետալի վիճակ, երբ աշխատանքին ընդունակ մարդն ի վիճակի չէ ապահովել իր ընտանիքի նվազագույն կարիքները: Անորոշությունը ստիպում է մարդկանց արտագաղթել երկրից: Հեռանում են բարձրակարգ մասնագետներ, որոնց պակասը մոտ ապագայում չի կարող լրացվել: Պղնձաձուլական գործարանի աշխատակիցները և հարակից համայնքների բնակիչները մեծ հույսով ակնկալում են օժանդակություն՝ պղնձաձուլարանը հնարավորինս արագ վերագործարկելու և ներկա պայմաններով արտադրության ժամանակավոր շահագործումը թույլատրելու հարցում՝ մինչև նորագույն տեխնոլոգիաներով հագեցած բնապահպանական բոլոր լուծումներով արտադրություն կազմակերպելը: Միևնույն ժամանակ, մինչև հիմնախնդրի հանգուցալուծումը, խնդրում ենք Ձեր միջնորդությունը՝ գործարանի աշխատակիցների վարկային պարտավորությունների ժամանակավոր սառեցմանը»: