Երեւան քաղաքի ընդանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում այսօր նախատեսվում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցաքննությունը «Ելք» դաշինքի անդամների եւ Հոկտեմբերի 27-ի գործով ազատազրկման դատապարտված Մանախ մականունով հայտնի Արթուր Այվազյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի գործով: Նշենք, որ այս գործով Փաշինյանն  ունի վկայի կարգավիճակ։

Դատարանը սակայն տեղեկացրեց, որ վարչապետը նիստին չի ներկայանա, քանի որ մասնակցում է Ազգային ժողովի նիստին:

Գործով ամբաստանյալ «Մանախ» մականունով հայտնի Արթուր Այվազյանը հայտարարեց, որ պաշտպանական կողմը ի սկզբանե համարել է, որ Նիկոլ Փաշինյանի վկայությունը որեւէ էական բան չի տալու գործի ելքի համար, իսկ եթե դատախազություն պնդում էր որ անհրաժեշտություն կա, ապա թող ապահովի Նիկոլ Փաշինյանի ներկայությունը դատարանում: Հիշեցնենք,  որ համաձայն մեղադրական եզրակացության՝  Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ մարտի 31-ին ժամը 22:40-ի սահմաններում Անդրանիկի փող 53 շենքի բակում անթաքույց արհամարհանք դրսեւորելով հասարակության նկատմամբ , «ԵԼՔ» դաշինքի համակիր Հայկ Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելով՝ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Արթուր Այվազյանի խափանման միջոց  կալանավորումը փոխվել է գրավով։ Արթուր Այվազյսնը 15 տարվա պատժաչափն ամբողջությամբ կրելուց հետո 2017թ. փետրվարի 16-ին ազատ էր արձակվել «Արթիկ» ՔԿՀ-ից։ Նա դատապարտվել էր հոկտեմբերի 27-ի գործով կարեւորագույն վկաներից մեկի սպանությունը պատվիրելու եւ կազմակերպելու համար։