ՀՀ քաղաքաշինության կոմիտեում կայացել է ՀՀ վարչապետի 2018 թվականի դեկտեմբերին համապատասխան որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը:

Քաղաքաշինության կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ խումբը ձեւավորվել էր 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո աղետի գոտու բնակավայրերում տեղադրված կամ կառուցված ժամանակավոր կացարանների եւ դրանցում բնակվող ընտանիքների մասին տեղեկատվության հավաքագրման եւ դրանց հիման վրա համապատասխան առաջարկությունների մշակման նպատակով:

Հիշեցնենք, որ խմբի կազմում ներառված են ինչպես պետական, տարածքային եւ տեղական իշխանության մարմինների ներկայացուցիրներ, այնպես էլ աղետի գոտու հիմնախնդիրների կանոնակարգմանն առավել ներգրավված հասարարակական հատվածի ներկայացուցիչներ:

Հանդիպմանը նախ ամփոփ ներկայացվել է մարզերից պարբերաբար Քաղաքաշինության կոմիտե ներկայացված գրաֆիկական եւ աղյուսակային նյութերի վերաբերյալ տեղեկատվությունը, այդ թվում՝ դեռեւս համալրման ենթակա տվյալների մասով: Այնուհետեւ քննարկվել է տեղեկատվության նախնական վերլուծության արդյունքում գծագրված հիմնական պատկերը՝ ոչ հիմնական շինությունների՝ այսպես ասած, ծագումնաբանության (կառուցված կամ տեղադրված տնակներ, ավտոտնակներ, քարաշեն կառույցներ, մոդուլներ), տիպերի, պատկանելության, օգտագործման նպատակի, եւ վիճակի, դրանցում բնակվող ընտանիքների՝ տնակում բնակվողի կարգավիճակում հայտնվելու պատճառների մասով:

Քննարկման ավարտին հստակեցվել են մինչեւ հաջորդ հանդիպում իրականացվելիք աշխատանքները. մասնավորապես շեշտադրվել է համայնքների եւ մարզպետարանների կողմից տեղեկատվության օր առաջ համալրման անհրաժեշտությունը:

«Ոչ ավելի, քան մեկ ամիս». հանդիպումը ղեկավարող Ա. Ղուլարյանը հորդորել է տեղեկատվությունը համալրելու եւ սահմանված ընթացակարգով Կոմիտե ներկայացնելու գործընթացն այդ ժամկետում՝ կարեւորելով առաջարկությունների մշակման համար հիմնավոր տեղեկատվության առկայությունը:

Միաժամանակ, հաշվի առնելով աշխատանքային խմբի առաջարկությունը, հանձնարարվել է տեղեկատվության համալրմանը զուգընթաց արդեն իսկ սկսել սկսել գծագրված խնդիրների կանոնակարգմանն ուղղված առաջարկությունների հավաքագրման եւ քննարկման գործընթացը:

«Պետք չէ սա դիտարկել միայն որպես բնակապահովման հարց: Աղետի գոտու բնակավայրերում, հատկապես այնպիսի քաղաքներում ինչպիսիք են Գյումրին, Վանաձորը, Սպիտակը, Ստեփանավանը, պետք է մոտենալ խնդրի արմատական լուծման տեսանկյունից, այն դիտարկելով նաեւ համայնքների քաղաքաշինական միջավայրի վերականգմանն համատեքստում»,- շեշտել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը՝ կարեւորելով խնդրի քաղաքաշինական եւ սոցիալական կանոնակարգման ուղղությամբ համակարգված եւ հասցեական մոտեցման ցուցաբերման անհրաժեշտությունը: