Այսօր Ադրբեջանը «առավելություն ունի ինչպես բանակցային սեղանի շուրջ, այնպես էլ մարտի դաշտում»: Real TV-ին տված հարցազրույցում այս մասին ասել է  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Նրա խոսքով, Բաքուն «հզոր իրավական հիմք է ստեղծել հակամարտության կարգավորման համար»:

«Ապրիլյան մարտերը ցուցադրեցին մեր ուժը: Ամենաանբարենպաստ մարտական դիրքերից կոնտրհարձակողական գործողություն իրականացնելով՝ մենք ռազմավարական բարձունքներ գրավեցինք… Ապրիլյան մարտերից երկու տարի անց հաջողությամբ իրականացրեցինք Նախիջեւանյան գործողությունը: Սա մարտավարական իմաստով հատուկ գործողություն էր, բայց շատ բարեհաջող, որը թույլ տվեց մեզ լիովին վերահսկողության տակ առնել ռազմավարական բարձունքները, լեռները եւ այստեղից վերահսկել հակառակորդի ռազմավարական հաղորդակցությունները... Այս ամենը ցույց  է տալիս, որ հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում», -կարծում է նա:

Ալիեւը նշել է, որ Հայաստանի նոր կառավարությունը սկզբում այնպիսի հակասական հայտարարություններով էր հանդես գալիս, որ Ադրբեջանը պետք է բանակցություններ վարի ոչ թե Հայաստանի, այլ Լեռնային Ղարաբաղի հետ:

«Մենք իհարկե, միանգամից մերժեցինք այդ անհասկանալի եւ հակասական հայտարարությունները: Այդ թվում նաեւ միջնորդները չէին կարող համաձայնել այդ դիրքորոշման հետ: Հետեւելով  մեր սկզբունքային դիրքորոշմանը՝մենք հավատարիմ ենք բանակցային գործընթացին: Այսօր բանակցություններն ընթանում են Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ: Բանակցությունների մի քանի փուլ է անցկացվել: Մենք հուսովե ենք, որ դրանք արդյունավետ կլինեն: Այդ պատճառով բանակցությունների անցկացումն, իհարկե, կարելի է որպես դրական փաստ գնահատել: Դա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ սկզբնական փուլում Հայաստանի նոր ղեկավարության հայտարարած սկզբունքները բացարձակապես անընդունելի են», - կարծում է նա: