«Մարտի 1»-ի քրեական գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրած դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։

Նշենք, որ 2018թ. դեկտեմբերի 30-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանն առանց պաշտպանական կողմի մասնակցության՝ Վահագն Հարությունյանի նկատմամբ երկրորդ անգամ կալանքի որոշում է կայացրել։ Հենց այս հիմքով էլ պաշտպանը դիմել էր Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովին։

Պաշտպան Միհրան Պողոսյանի պնդմամբ՝ դատարանի կազմից իր հետ չեն փորձել կապ հաստատել, ինքը պատշաճ ծանուցված չի եղել նիստի օրվա և ժամի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ 2018 թ. դեկտեմբերի 30-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Վահագն Հարությունյանի նկատմամբ երկրորդ անգամ կալանքի որոշում կայացրեց։

Մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար մեղադրվող Վահագն Հարությունյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է 2018թ. դեկտեմբերին։

Նա, որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 308–րդ հոդվածի 2–րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 309-րդ հոդվածի 2–րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):

Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Վահագն Հարությունյանին կալանավորելու որոշում էր կայացրել նաեւ 2018թ. նոյեմբերի 2-ին՝ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար։ Սակայն դեկտեմբերի 12-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր առաջին ատյանի որոշումն ու վերացրել Վահագն Հարությունյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի որոշումը։

Վահագն Հարությունյանն այս տարվա հուլիսին ազատվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից: