2018թ․ Հայաստանի ԶՈՒ-ում 3525 արտակարգ պատահար է գրանցվել (2017թ․՝ 3416)։ Դրանցից 2358-ը եղել են իրավախախտումներ, իսկ 1140-ը՝ հանցագործություններ, որոնցից 63,8 տոկոսը՝ զինվորական, 36,2 տոկոսը՝ ընդհանուր բնույթի։ Այս մասին հայտարարվել է փետրվարի 12-ին՝ տարվա արդյունքների ամփոփման նիստում։ Նիստն անցկացվել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի նախագահությամբ։ Նիստին ներկա է եղել նաեւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Ծանր հանցագործությունների թիվը աճել է 9-ով, հատկապես ծանր հանցագործությունների թիվը կրճատվել է 37-ով։ 43 հատկապես ծանր հանցագործություններից 7-ը սպանություններ են՝ կատարված հակառակորդի կողմից, 1 սպանությունը կատարել է ծառայակիցը, մի դեպքում զինծառայողը սպանել է քաղաքացիական անձի, կատարվել է հակառակորդի կողմից սպանության 23 փորձ, ծառայակցի սպանության՝ 2 փորձ։ 2017թ․ հակառակորդի կողմից սպանվել էր 21 զինծառայող։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 1173 զինծառայողներ (2017թ․՝ 1813)։

Ամփոփելով 2018թ․ աշխատանքի արդյունքները՝ գլխավոր դատախազն ու պաշտպանության նախարարն ընդգծել են հրամանատարների եւ քննիչների մասնագիտական պատրաստվածության բարձրացման կարեւորությունը։