ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները քննարկել են «Ռուսաստանի կողմից Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրի խախտման» հետեւանքները:

Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդիպումից հետո ասել է, որ  ռուսական 9Մ729 հրթիռային համակարգը (SSC-8) դաշինքի անվտանգության համար զգալի վտանգ է ներկայացնում: Նա նշել է, որ Ռուսաստանը դեռեւս կես տարի ժամանակ ունի «ՄՓՀՀՊ-ին կրկին հետեւելու համար եւ նա պետք է օգտվի այդ հնարավորությունից»:

Նրա խոսքով, ՆԱՏՕ-ի բոլոր 29 դաշնակիցները համաձայն են, որ Ռուսաստանի կողմից մշակված եւ տեղակայված 9Մ729 հրթիռային համակարգը «մեր անվտանգության համար զգալի վտանգ» է ներկայացնում: «Այն շարժական է, դժվար հայտնաբերելի, կարող է հասնել եվրոպական քաղաքներին եւ սովորական կամ միջուկային մարտագլխիկ ունենալ: Եվ դա նվազեցնում է միջուկային զենքի օգտագործման շեմը»:

Ստոլտենբերգը նշել է, որ ԱՄՆ-ն եւ այլ դաշնակիցները վաղուց արդեն Ռուսաստանի հետ քննարկում են այդ հրթիռային համակարգը: «Հասկանալի է, որ այն պայմանագիրը, որին միայն մի կողմն է հետեւում, չի կարող անվտանգություն ապահովել: Ահա թե ինչու ԱՄՆ-ն՝ ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցների լիակատար աջակցությամբ, հայտարարել է պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:

Դա վեց ամիս կտեւի: Այնպես որ, Ռուսաստանը դեռեւս հնարավորություն ունի վերսկսել կատարել պայմանագրով սահմանված պարտավորությունները: Եվ մենք կոչ ենք անում Ռուսաստանին օգտագործել այդ հնարավորությունը: Ռուսաստանը գիտի, թե ինչ պետք է անի: Բոլոր դաշնակիցները պատրաստ են շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ: Բայց մենք նաեւ խաղաղության ենք պատրաստվում  առանց ՄՓՀՀՊ-ի:

Մեր ցանկացած քայլը կլինի պաշտպանական, կշռադատված եւ համակարգված եւ մենք մտադիր չենք Եվրոպայում ցամաքային տեղակայման նոր միջուկային հրթիռներ տեղակայել:

Միեւնույն ժամանակ, դաշնակիցները հանձնառու են սպառազինությունների արդյունավետ վերահսկմանը, զինաթափմանը եւ տարածման կանխմանը: ՆԱՏՕ-ն նոր սպառազինությունների մրցավազք չի ցանկանում», - նշել է Դաշինքի գլխավոր քարտուղարը: