ԱՄՆ-ը Իրանին օգնելու մեղադրանք է ներկայացրել ռազմաօդային ուժերի նախկին սպա Մոնիկա Ուիթին։ Վաշինգտոնը դա բնութագրել է որպես կիբեռլրտեսական գործողություն՝ ուղղված ԱՄՆ հետախուզության սպաների դեմ։

Ինչպես հայտնում է РБК-ն, 2012թ․ ՀԴԲ-ի կողմից նրա հանդեպ հետախուզում է հայտարարվել այն բանից հետո, երբ կինը կորել է, տարբեր տվյալներով, Աֆղանստանում կամ Տաջիկստանում, որտեղ իբր անգլերեն է դասավանդել։ Այժմ պարզվել է, որ զինվորական ծառայության տարիներին Ուիթը ծառայել է Իրաքում եւ Աֆղանստանում ԱՄՆ ՌԾՈՒ հետախուզությունում։

ԱՄՆ արդարադատության նախարարությունում ենթադրում են, որ Ուիթը 2013թ․ կամավոր մեկնել է Իրան՝ գաղափարական մղումներով, եւ այնտեղի հետախուզության աշխատակիցներին փոխանցել է գաղտնի տվյալներ, այդ թվում՝ գործակալների անուններ, ինչի արդյունքում նրանք իրանցի հաքերների գրոհին են ենթարկվել։

Դատի նյութերից պարզվում է, որ ինչ-որ պահի Ուիթը մտադիր է եղել Իրանից Ռուսաստան տեղափոխվել, այնտեղ կապ հաստատել Wikileaks-ի հետ՝ որոշ տվյալներ փոխանցելու համար։ Սակայն դա նրան չի հաջողվել։

Գլխավոր դատախազի տեղակալ Ջոն Ջեմերսը հայտարարել է, որ իր գործողություններով Ուիթը «խախտել է իր երկիրը պաշտպանելու եւ պահպանելու հանդիսավոր երդումը»։

Ուիթը բանակում ծառայել է 1997-ից։ Նրա պայմանագրի ժամկետը պաշտոնապես ավարտվել է 2010-ին։