Apple ընկերությունը ծրագրում է գործարկել նորությունների ընթերցման ծառայություն, որին օգտատերերը կարող են հասանելիություն ստանալ միայն գրանցվելով՝ գրում է The Wall Street Journal-ը։ Ընկերությունն արդեն իր պլանների մասին ծանուցմամբ նամակ է ուղարկել ամերիկյան որոշ ԶԼՄ-ների։ Հասանելի կլինի արդյոք ծառայությունն այլ երկրներում, թերթը չի ճշտել։

Apple-ը խոստացել է հրատարակիչների հետ կիսել կոնտենտից ստացված եկամուտները։ Գրանցված օգտատերերը կստանան անսահմանափակ հասանելիություն ծառայության նյութերին։ Գրանցման արժեքը ամսական կարող է կազմել մոտ 10 դոլար, սակայն վերջնական գինը կարող է փոփոխվել՝ գրում է թերթը՝ հղում կատարելով Apple-ի ծրագրերին ծանոթ աղբյուրներին։

Ամերիկյան ԶԼՄ-ները դժգոհ են Apple-ի առաջարկից, թերթերի ղեկավարները նրան անվանել են «նորությունների համար Netflix»։ The New York Times-ը եւ The Washington Post-ը հրաժարվել են տրամադրել իրենց կոնտենտը Apple-ի նորությունների ծառայության համար։ The Wall Street Journal-ը նույնպես դժգոհ է ընկերության նոր առաջարկից, սակայն դեռեւս բանակցություններ է վարում նրանց հետ։