Մալդիվյան կղզիների նախկին նախագահին փողերի լվացման մեղադրանք է առաջադրվել։

Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ մեղադրանք է առաջադրել Յամին Աբդուլ Գայումին։

AP-ը հայտնում է, որ մեղադրանքը կապված է հետաքննության հետ, որը սկսվել է այն բանից հետո, երբ նախկին նախագահի հաշվին հայտնաբերվել է 1 մլն դոլար, որը ենթադրաբար նա ստացել է զբոսաշրջային հանգստավայրերի զարգացման համար կղզիները վարձակալության հանձնելու կասկածելի գործարքի արդյունքում։ Ոստիկանությունը հետաքննությունն ավարտել է անցյալ շաբաթ եւ խնդրել է գլխավոր դատախազին մեղադրանք առաջադրել։

Յամինը հինգ տարվա ժամկետից հետո սեպտեմբերին պարտվել էր նախագահական ընտրություններում, որի ընթացքում նրան մեղադրել էին կոռուպցիայի, սխալ կառավարման եւ ազատության սահմանափակման մեջ։