Շվեյցարիան սպասում է հաքերներին՝ քվեարկության իր էլեկտրոնային համակարգը փորձնական կոտրելու համար: Կառավարությունը ամենահաջողակ համակարգչային ցանցահեններին կվճարի շուրջ 50 հազար դոլար:

Շվեյցարիայի դաշնային գրասենյակի ներկայացուցիչ Ռենե Լենցինը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ քվեարկության էլեկտրոնային համակարգը կոտրելու սթրես-թեստն անհրաժեշտ է դրա անվտանգությունը լրացուցիչ ստուգելու համար:

Թեստային ռեժիմում քվեարկության էլեկտրոնային համակարգն օգտագործվում է 2004 թվականից: Այսօր այն կիրառում են 26-ից 10 կանտոններում: Սակայն պաշտոնապես ներդնելու համար ծրագիրը պետք է ստանա անվտանգության հավաստագիր: Ներկայումս համակարգը փորձնական կոտրելով զբաղված է առանձին ընկերություն:

Ներկայումս www.onlinevote-pit.ch կայքում գրանցվել է 1770-ից ավելի մասնակից: Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ առավել մեծ թիվ են կազմում Շվեյցարիայից հաքերները (27.41 տոկոս), հաջորդում են Ֆրանսիան (14,95 տոկոս) եւ ԱՄՆ-ն (գրեթե 6 տոկոս): Քվեարկության համակարգը կոտրել են ցանկանում նաեւ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Հնդկաստանի, Լեհաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի, Բրազիլիայի եւ մի շարք այլ երկրների ներկայացուցիչները: Հրապարակված վիճակագրության մեջ, ի դեպ, նշված չէ՝ կա՞ն արդյոք ներկայացուցիչներ Ռուսաստանից, սակայն նրանց համար հատուկ սահմանափակումներ չկան:

Հաքերները թեստի ժամանակ կարող են ձայների մանպուլացման փորձ կատարել, շարքից հանել կամ շրջանցել անվտանգության եւ օգտատերերի տվյալների պաշտպանության համակարգը: Ամենամեծ պարգեւը՝ 50 հազար ֆրանկ (շուրջ 50 հազար դոլար) կստանա նա, ով կկարողանա աննկատ փոխել քվեարկության արդյունքները: Քվեարկության գաղտնիքի խախտումը կարժենա 10 հազար ֆրանկ, իսկ էլեկտրոնային քվեատուփը կոտրելը՝ 5 հազար:

Հանրային թեստը կանցկացվի փետրվարի 24-ից մարտի 24-ը: