Նյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը սեփական միջոցներից առնվազն 500 միլիոն դոլար կծախսի, որպեսզի կանխի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ երկրորդ ժամկետով նախագահ ընտրվելը, տեղեկացնում է Politico պարբերականը՝ հղում կատարելով Դեմոկրատական կուսակցության՝ Բլումբերգի ծրագրերին ծանոթ աղբյուրներին, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Մայքլ Բլումբերգը դեռ չի հայտարարել՝ մասնակցելո՞ւ է արդյոք Դեմոկրատական կուսակցության փրայմերիզին։ Պարբերականի տվյալներով՝ մասնակցության դեպքում Բլումբերգը կօգտագործի 500 միլիոն դոլար սեփական քարոզարշավի համար՝ 2020 թվականի նախնական ընտրությունների ժամանակ։ Նշվում է, որ դա մոտավորապես 175 միլիոնով գերազանցում է Թրամփի ընտրարշավի ծախսերը 2016-ի ողջ ընտրաշրջանի համար։

Եթե Բլումբերգը հրաժարվի մասնակցել նախագահական մրցավազքին, այդ դեպքում նա մտադիր է գործի դնել աննախադեպ տեղեկատվական արշավ՝ ի պաշտպանություն դեմոկրատների թեկնածուի։

ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի նոյեմբերին։ Ինչպես սպասվում է, նախագահ Դոնալդ Թրամփը կառաջադրվի երկրորդ ժամկետի համար, Հանրապետական կուսակցությունից։