ԱՄՆ-ում 96 տարեկանում մահացել է ամերիկացի քաղաքական գործիչ Լինդոն Լարուշ կրտսերը, որը 1976-ից 2004 թվականներն ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր ընտրությանն առաջադրվել է երկրի նախագահի պաշտոնում, հայտնում է Associated Press-ը:

Նշվում է, որ տարբեր տարիների նա ԱՄՆ ղեկավարի պաշտոնին իր թեկնածությունն առաջադրել է տարբեր քաղաքական ուժերի կողմից: Մասնավորապես՝ փորձել է երկիրը ղեկավարել՝ ներկայացնելով Լեյբորիստական կուսակցությունը եւ Դեմոկրատական կուսակցությունը: Նա փորձել է երկրի նախագահ դառնալ նաեւ որպես անկախ թեկնածու:

Գործակալության տեղեկություններով՝ Լարուշ կրտսերն այնքան էր ձգտում պետության ղեկավարմանը, որ 1992 թվականին նրա առաջադրմանը չխանգարեց նույնիսկ բանտարկությունը: Նա իր նախընտրական արշավն անցկացրել էր բանտախցից:

Հստակեցվում է, որ նա տարբեր դավադրությունների տեսությունների կողմնակից էր, մասնավորապես՝ Արժույթի միջազգային հիմնադրամին մեղադրում էր զանգվածային սպանությունների մեջ, իսկ Մեծ Բրիտանիայի թագուհուն՝ թմրանյութերի առեւտրի: