ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վենեսուելային զգուշացրել է, որ դիտարկում է արձագանքման «բոլոր տարբերակները» եւ պահանջել է, որ ձախ առաջնորդ Նիկոլաս Մադուրոն ապաարգելափակի երկիր ամերիկյան հումանիտար օգնության մատակարարումները, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»: 

Կրկին շեշտելով, որ ինքը չի բացառում ռազմական միջամտությունը՝ Թրամփն ասել է, որ իրեն «հիասթափեցնում» են նավթով հարուստ այս լատինաամերիկյան երկրում տեղի ունեցող «ցնցումները»:

«Կտեսնեք»,- հայտարարել է նա լրագրողներին՝ Սպիտակ տանը կոլումբիացի իր գործընկեր Իվան Դուկի հետ հանդիպման ժամանակ, երբ նրան հարցրել են՝ հնարավո՞ր է, որ հազարավոր ամերիկացի զինծառայողներ ուղարկվեն Վենեսուելա:

Ամերիկյան օգնությունը, որը գտնվում է Վենեսուելայի սահմանի կոլումբիական կողմում, լարվածության նոր օջախ է դարձել. Մադուրոյի սոցիալիստական կառավարությունը հենվում է զինվորականների վրա եւ աջակցություն ստանում Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից:

Թրամփի խոսքով՝ երկիր հումանիտար օգնության մուտքը թույլ չտալով՝ Մադուրոն «սարսափելի սխալ է կատարում»:

«Մենք փորձում ենք պարեն հասցնել երկրի քաղցող մարդկանց: Վենեսուելայում մարդիկ կան, որոնք քաղցած են»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Ի պատասխան հարցին՝ ինքը պահեստային ծրագիր ունի՞, եթե Մադուրոն իշխանությունը պահպանի, Թրամփն ասել է. «Ես միշտ պլան «Բ» ունեմ: Ինչպես նաեւ «Գ», «Դ», «Ե» եւ «Զ» պլաններ: Վենեսուելայում մեծ թվով այնպիսի բաներ են կատարվում, որոնց մասին մարդիկ չգիտեն»:

Թրամփի խոսքով՝ շատ երկրներ են ցանկանում Վենեսուելային օգնել:

«Մենք մոտակա մի քանի շաբաթներին շատ բան կտեսնենք»,- ասել է նա: