Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից՝ առանց դատարանի որոշման ունեցվածքի հնարավոր բռնագրավման մասին, «տրոցկիզմի հոտ» է գալիս, կարծում է արդարադատության նախկին փոխնախարար, փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Չորեքշաբթի ելույթ ունենալով խորհրդարանում՝ վարչապետը հայտարարել է, թե կառավարությունը քննարկում է ունեցվածքի բռնագրավման մեխանիզմները՝ առանց մեղադրական դատավճռի։ Նրա խոսքով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դա նորմալ պրակտիկա է համարում կոռուպցիայի դեմ պայքարում եւ դրանում մարդու իրավունքների սահմանափակում չի տեսնում։

«Դրանից տրոցկիզմի հոտ է գալիս, տրոցկիզմը տրոցկիզմ է մնում, անգամ եթե այն հայտարարվում է «թավշյա», ասել է Մելիքյանը ՌԻԱ «Նովոստի»-ին։

«Այս պահին անհնար է որեւէ գնահատական տալ, որովհետեւ, իհարկե, լինում են դեպքեր, երբ ինչ-որ մեխանիզմներ եւ գործիքներ կոռուպցիայի դեմ պայքարում համարվում են ՄԻԵԴ-ի կողմից ընդունելի: Սակայն պետք է իմանալ, թե հստակ ինչ գործիքներ է Հայաստանի կառավարությունը դիտարկում որպես թույլատրելի, եւ պետք է հաշվի առնել քաղաքական գործոնը նույնպես. արդյո՞ք սա քաղաքականապես մոտիվացված ակտ է համարվում», - ասել է իրավաբանը:

Ըստ Մելիքյանի՝ շատ դժվար է պատկերացնել մի համակարգ, որը թույլ կտա ինչ-որ մարդկանց հարցեր առաջադրել Հայաստանի գրեթե բոլոր բնակիչներին:

«Ինչպիսի՞ն պետք է լինեն չափորոշիչները: Ո՞ր թվականից է դա սկսվում: Մենք քաղաքակիրթ ձեւով գնում էինք եկամուտների եւ ունեցվածքի հայտարարագրման ճանապարհով, եւ դա հանդիսանում է նորմալ գործընթաց ժողովրդավար պետությունների համար: Հիմա լինելու են ինչ-որ մարդիկ, որոնք որոշելու են՝ ում նկատմամբ պահանջներ ներկայացնել, իսկ ում՝ ոչ: Կարելի՞ է արդյոք երաշխավորել, որ սա ինքնին չի դառնա կոռուպցիայի հզոր գործիք»,- նշել է Մելիքյանը:

Նա հավելել է, որ միայն ում պահանջներ ներկայացնեն, ում՝ ոչ հարցը կարող է մեծ կոռուպցիոն ռիսկեր բերել։ «Դրանք զուտ տեսական մտքեր են, ներկա պահին ոչ մի կոնկրետ մեխանիզմ կառավարության կողմից հանրային քննարկման չի դրվել։ Բայց առաջին հայացքից այս գաղափարը հակաարդյունավետ է, եւ հարցերը չափազանց շատ են»,- ասել է փորձագետը: