Իրանի նախագահ Հասան Ռոհանին լավ նորություն է համարել Սիրիայից զորքերը դուրս բերելու ԱՄՆ մտադրությունը, բայց հայտարարել է, որ դժվար է վստահել Վաշինգտոնի խոստումներին, նշված է նրա պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Վերջերս նրանք հայտարարեցին, որ ցանկանում են իրենց ուժերը դուրս բերել, եթե ճիշտ են ասում, սա լավ նորություն է»,- ասել է Ռոհանին Սիրիայի հարցով Ռուսաստան-Թուրքիա-Իրան եռակողմ գագաթնաժողովին մասնակցելու համար Սոչի թռչելուց առաջ, որը տեղի է ունենալու այսօր:

Իրանի նախագահը, միաժամանակ, հավելել է. «Մենք երբեք չենք կարող վստահել ամերիկացիների խոսքին ու խոստումներին»:

Նա նաեւ նշել է, որ Իրանը կարեւորում է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումը, ինչի հետ կապված հայտարարել է, որ Սիրիայի ամբողջ տարածքը պետք է վերահսկի Դամասկոսը, իսկ սիրիական հողի առանձին հատվածները չեն կարող գտնվել այլ պետությունների վերահսկողության տակ:

Իրանի նախագահը նաեւ հավելել է, որ քրդերի հետ երկխոսություն պետք է վարի հատկապես Սիրիայի կառավարությունը: