Խափանման միջոց կալանքի կիրառման միջնորդությունները նվազել են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ անդրադառնալով խափանման միջոց կալանքների պրակտիկային:

Նա, մասնավորապես, նշել է.

«2018թ. ընթացքում Երեւան քաղաքի եւ Երեւան քաղաքի վարչական շրջանների դատախազության դատախազների դատավարական ղեկավարման ներքո քննված քրեական գործերով դատարան է ներկայացվել խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ 255 միջնորդություն, որոնցից բավարարվել է 239-ը կամ 93,7 տոկոսը: 2017թ. ներկայացվել էր 363 նման միջնորդություն, որոնցից բավարարվել է 332-ը կամ 91,4 տոկոսը: Երկու տարիների համեմատական վերլուծությունը վկայում է, որ՝

ա. 2018թ. ընթացքում դատարան ներկայացվող՝ կալանքը որպես խափանման միջոցի կիրառելու միջնորդությունների քանակը նվազել է 108-ով կամ գրեթե 30 տոկոսով,

բ. նման նվազման պայմաններում դատարանների կողմից միջնորդությունների բավարարման ցուցանիշն ավելացել է 2.3 տոկոսային կետով:

Նման տենդենցը դրսեւորվել է ոչ միայն Երեւան քաղաքի եւ Երեւան քաղաքի վարչական շրջանների դատախազության դատախազների դատավարական ղեկավարման ներքո քննված քրեական գործերի պարագայում, այլ ՀՀ դատախազության բոլոր ստորաբաժանումներում: Ներկայացնենք, մասնավորապես, պատկերը նաեւ ՀՀ կենտրոնական զինվորական դատախազության եւ կայազորների դատախազների դատավարական ղեկավարման ներքո քննված քրեական գործերի պարագայում:

Այսպես՝ 2018թ. ընթացքում այս շրջանակում դատարաններ է ներկայացվել կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու 1032 միջնորդություն, այն դեպքում, երբ 2017թ. ընթացքում ներկայացվել է 1220 նման միջնորդություն: Այսինքն 2017-ի համեմատ նման միջնորդությունների թիվը նվազել է 188-ով կամ 15.5 տոկոսով: 2018թ. ներկայացված 1032 միջնորոդություններից բավարարվել է 1027-ը կամ 99.5 տոկոսը: 2017թ. դատարանների կողմից մերժվել է ներկայացված 1220 միջնորդություններից 25-ը, կամ 2 տոկոսը: Այսինքն բավարարման ցուցանիշը 2017թ. համեմատ ավելացել է 1.5 տոկոսային կետով:

Ընդ որում՝ ՀՀ կենտրոնական զինվորական դատախազության եւ կայազորների դատախազների դատավարական ղեկավարման ներքո քննված քրեական գործերով 2018թ. ընթացքում մերժված 5 միջնորդություններից 4-ի դեմ դատախազների կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որոնցից 2-ը բավարարվել է (40 տոկոսը), այն դեպքում, երբ 2017թ. ներկայացված 25 մերժված միջնորդություններից 14-ի դեմ է վերաքննիչ բողոք տարվել, որոնցից ընդամենը 1-ը՝ 7.2 տոկոսն է բավարարվել:

Խափանման միջոց կալանքի կիրառման պրակտիկայի եւ այս ոլորտում ՀՀ դատախազության նախաձեռնությունների արդյունքների վերաբերյալ առաջիկայում կներկայացվի համապարփակ տեղեկատվություն: Սակայն միայն դատախազության այս երկու օղակների՝ Երեւան քաղաքի ու մայրաքաղաքի վարչական շրջաննների, ինչպես նաեւ ՀՀ կենտրոնական զինվորական եւ կայազորների դատախազությունների վարույթներում առկա գործերով վերոնշյալ պատկերը հիմնավոր կերպով խոսում է երեք կարեւոր իրողությունների մասին:

1. Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերի հետեւողականորեն նվազումը դատարանների կողմից միջնորդությունների բավարարման ցուցանիշի աճի ֆոնին շատ հստակ ցուցիչ է այն բանի, որ անշեղորեն բարձրանում է ներկայացվող միջնորդությունների հիմնավորվածության մակարդակը, եւ քրեական հետապնդման մարմինները հրաժարվում են կալանքը որպես խափանման միջոց կիրառելու չհիմնավորված միջնորդություններ ներկայացնելու պրակտիկայից:

2. Առաջին ատյանի դատարանների կողմից միջնորդություններն ավելի շատ բավարարելու, մերժված միջնորդությունների դեմ դատախազների կողմից ներկայացված բողոքները վերադաս դատարանների կողմից ավելի շատ բավարարելու ցուցանիշների աճը փաստում է, որ այս տենդենցն արդյունք է հենց վարույթն իրականացնող մարմինների եւ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների կողմից միջնորդություններն ու բողոքները հիմնավորված ներկայացնելու համար սահմանված չափորոշիչներին համապատասխանեցնելու հարցում ցուցաբերվող հետեւողականության:

3. Այս արդյունքը մեծապես պայմանավորված է ՀՀ դատախազության 2017թ. օգոստոսի 4-ի եւ 2018թ. հունիսի 12-ի կոլեգիայի նիստերի ընթացքում ընդունված որոշումներով, որոնք, ըստ էության, ուղեցույցային նշանակություն ունեն խափանման միջոց կալանքների միջնորդությունների հիմնավորվածության ապահովման համար: Այդ չափանիշների, պայմանների անշեղ պահպանումը նաեւ հետայսու շարունակում է մնալ ՀՀ գլխավոր դատախազության հիմնական առաջնահերթություններից մեկը: