ԱՄՆ-ում կալանվել է բազմակին մի տղամարդ, որը չորս կին ուներ, որոնք միմյանց գոյության մասին գաղափար չունեին, տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով The Washington Post-ին։

2013-ին Ալիսիա Գրանտը ամերիկյան Էքսետեր քաղաքից (Նյու Հեմփշիր նահանգ) ամուսնացավ Մեն նահանգից Մայքլ Միդլթոնի հետ։ Նրա խնդրանքով կինը նոր մեքենա նվիրեց տղամարդուն, հագուստ, համակարգիչ եւ տարբեր թանկարժեք գաջեթներ։ Ավելի ուշ կինն իմացավ, որ ամուսինը դրանք հանձնել է խանութ եւ փող վերցրել դրանց դիմաց։

Հարսանիքից մի քանի շաբաթ անց Միդլթոնը ծեծեց Գրանտին եւ հայտնվեց ոստիկանությունում։ Երբ նրան բաց թողեցին, նա անհետացավ։ Այդ ընթացքում տղամարդը հասցրել էր կնոջից մոտ 20 հազար դոլար «պոկել»։

Գրանտը մի քանի տարի որոնում էր փախստական ամուսնուն՝ ամուսնալուծվելու համար, եւ հայտնաբերեց, որ Միդլթոնի միակ կինը չէր։ Նա իր հայտնագործության մասին հայտնեց իրավապահ մարմիններին, ինչից հետո բազմակին տղամարդու քաջագործությունների հետաքննությունն ստանձնեց ոստիկանությունը։ Շուտով Ալաբամայում եւ Ջորջիայում գտնվեց եւս երկու կին, որոնք ամուսնացած էին նրա հետ։

Չորրորդ կնոջ հարազատներն իրենք դիմեցին ոստիկանություն, երբ կարդացին Գրանտի հարցազրույցը Newsweek-ում։ Ինչպես պարզվեց, 2016-ին Միդլթոնը Ֆեյսբուքով ծանոթացել էր 25-ամյա Էշլի Քլայմերի հետ։ Մեկ ամիս անց նրանք ամուսնացել էին։ Հաջորդ երեք տարիները Քլայմերը եւ Միդլթոնը շրջել էին երկրով եւ ապրել էժանագին մոթելներում։ 2017-ին ծնվել է նրանց երեխան, որին նրանք տվել են որդեգրման Միսուրի նահանգում։

Քլայմերի հարազատների ցուցմունքը օգնեց ոստիկանությանը գտնել եւ կալանել Միդլթոնին Կոլումբուս քաղաքում (Օհայո)։ Նա մեղադրվում է երկկնության մեջ։ Բացի այդ, նրա անունով կա ձերբակալության օրդեր Նյու Հեմփշիր նահանգում ընտանեկան բռնության գործադրման մեղադրանքով, ինչպես նաեւ մի քանի օրդերներ դատական արգելքը խախտելու եւ ավտոմեքենան անսթափ, առանց վարորդական իրավունքի վարելու համար՝ Մեն նահանգում։